December 2

Կազմակերպության հասկացությունը և բնութագիրը: Կազմակերպությունների տիպերը, դրանց բնութագրիչ առանձնահատկությունները:

Ձեռնարկատիրական գործունեություն

Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անձը պետք է պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվի որպես իրավաբանական անձ կամհաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր:

Իրավաբանական անձ

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ:

Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերությունների, ընկերակցությունների կամ կոոպերատիվների ձևով:

Անհատ ձեռնարկատերն

Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:

Ընկերության մասնակիցները պատասխանատու չեն ընկերության պարտավորությունների համար և կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը իրենց ներդրած ավանդների սահմաններում:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է մասնակիցների ավանդների արժեքից և նպատակ ունի ապահովելու պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: Ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված ընկերության գործունեության ոլորտից, oրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:

Ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 49-ը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության:

Ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասը կամ դրա մի մասը վաճառել կամ զիջել մյուս մասնակիցներից մեկին կամ մի քանիսին: Բաժնեմասը երրորդ անձանց օտարել թույլատրվում է, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:

Ընկերության մասնակիցները, իրենց բաժնեմասերին համամասնորեն, օգտվում են մասնակցի օտարվող բաժնեմասը գնելու նախապատվության իրավունքից, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ:

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունը մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժինների: Այսինքն` նույնը, ինչ նախատեսված է նաև ՍՊԸ-ի համար:

Տարբերությունը ՍՊԸ-ի համեմատությամբ այն է, որ այս ընկերության մասնակիցները նրա պարտավորությունների համար համապարտ սուպսիդար պատասխանատվություն են կրում իրենց գույքով` ընկերության կանոնադրությամբ բոլորի համար միանման որոշված իրենց ավանդների բազմապատիկի չափով:

Ընկերության մասնակիցներից մեկի սնանկության դեպքում ընկերության պարտավորությունների համար նրա պատասխանատվությունը մասնակիցների վրա բախշվում է նրանց ավանդներին համամասնորեն, եթե կանոնադրությամբ այլ կարգ նախատեսված չէ:

Բաժնետիրական ընկերություն

Բաժնետիրական ընկերություն է համարվում այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետոմսերի: Անձը ներդրում է կատարում բաժնետիրական ընկերության կապիտալում՝ բաժնետոմս գնելով, և ձեռք է բերում դիվիդենտներ ստանալու ու ընկերության կառավարմանը մասնակցելու հնարավորություն: Բաժնետիրական ընկերությունը կարող է ստեղծվել նաև մեկ անձի կողմից կամ կազմված լինել մեկ անձից` նրա կողմից բոլոր բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում: Բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալը կազմվում է բաժնետերերի ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից: Կանոնադրական կապիտալը որոշում է նրա պարտատերերի շահերը երաշխավորող Ընկերության գույքի նվազագույն չափը: Բաժնետիրական Ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված Ընկերության գործունեության ոլորտից, oրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:

Բաժնետիրական ընկերությունները լինում են փակ (ՓԲԸ) և բաց (ԲԲԸ):

Բաց բաժնետիրական է համարվում այն ընկերությունը, որի մասնակիցներն առանց մյուս մասնակիցների համաձայնության կարող են օտարել իրենց պատկանող բաժնետոմսերը: Ընկերությունն իրավունք ունի իրականացնել իր թողարկած բաժնետոմսերի ազատ վաճառք: ԲԲԸ-ի դեպքում հնարավոր չէ վերահսկել երրորդ անձանց կողմից բաժնետոմսերի գնումը և վաճառքը՝ հաշվի առնելով, որ չկա որևէ սահմանափակում բաժնետոմսերի ձեռքբերման և օտարման հարցում:

Փակ բաժնետիրական է համարվում այնպիսի ընկերությունը, որի բաժնետոմսերը բախշվում են միայն նրա հիմնադիրի կամ նախապես որոշված այլ անձանց միջև: Նման ընկերությունն իրավունք չունի անցկացնելու իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ սահմանափակ թվով անձանց առաջարկել այլ կերպ ձեռք բերելու դրանք: ՓԲԸ-ն պետք է ունենա 49-ից ոչ ավել բաժնետեր, այլապես՝ պետք է վերակազմակերպվի ԲԲԸ-ի: Փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերն այդ ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք ունեն:

Լիակատար ընկերակցություն

Լիակատար է համարվում այն ընկերակցությունը, որի մասնակիցները /լիակատար ընկերներ/, կանոնադրությանը համապատասխան, ընկերակցության անունից զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ և իրենց պատկանող գույքով պատասխանատվություն են կրում նրա պարտավորությունների համար: Լիակատար ընկերներ կարող են լինել միայն անհատ ձեռնարկատերերը և/կամ իրավաբանական անձինք, ինչը դժվարացնում է այս իրավաբանական անձի ստեղծումը:

Լիակատար ընկերակցության կառավարումն իրականացվում է բոլոր մասնակիցների ընդհանուր համաձայնությամբ: Լիակատար ընկերակցության մասնակիցներն իրենց գույքով համապարտ պատասխանատվություն են կրում ընկերակցության պարտավորությունների համար:

Ընկերակցության վնասները և շահույթը բախշվում են մասնակիցների միջև բաժնեհավաք կապիտալում նրանց բաժնեմասերին համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ:

Վստահության վրա հիմնված ընկերակցություն

Ի տարբերության լիակատար ընկերակցության, այս դեպքում լիակատար ընկերակցությանը, լիակատար ընկերներից բացի, մասնակցում են նաև մեկ կամ մի քանի ավանդատուներ /կոմենդատներ/, որոնք իրենց ներդրած ավանդների գումարների սահմաններում կրում են ընկերակցության գործունեության հետ կապված վնասների ռիսկը չեն մասնակցում ընկերակցության ձեռնարկատիրական գործունեությանը: Վստահության վրա հիմնված ընկերության անվան մեջ ավանդատուների անունները չեն նշվում, հակառակ դեպքում ավանդատուն դառնում է լիակատար ընկեր:

Ոչ առևտրային կազմակերություններ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գոյություն ունեն ոչ առևտրային կազմակերպությունների մի շարք կազմակերպա-իրավական ձևեր, ինչպիսիք են հասարակական կազմակերպություններ (ՀԿ), հիմնադրամներ, կրոնական կազմակերպություններ, իրավաբանական անձանց միություններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ), համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ և այլն: Յուրաքանչյուր կազմակերպա-իրավական տեսակ ունի ընդհանուր և հատուկ կանոնադրություններն ու կանոնակարգերը՝ պայմանավորված իր հիմնադրման և գործունեության առանձնահատկություններով:

Նյութը վերցված է՝ Փոքր և Միջին Ձեռնարկության զարգացման ազգային կենտրոնի կայքից

December 2

Վիլյամ Սարոյան | Դաշնամուր

― Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ, ― ասաց Բենը։
― Իսկապե՞ս հուզվում ես։ Ինչո՞ւ, ― հարցրեց Էմման։
― Չգիտեմ, ― ասաց Բենը։ ― Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ։― Նվագել գիտե՞ս, ― հարցրեց Էմման։― Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում։― Իսկ դու ի՞նչ ես անում։― Կտեսնե՛ս, ― ասաց Բենը։Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին։ Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է, արդյոք, երբևէ հասկանալ նրան։ Այդպես կքայլի նրա կողքով մի որոշ ժամանակ, կարծելով, թե հասկանում է, իսկ հետո, օրերից մի օր, կպարզվի, որ չի հասկացել։Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին։ «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել, ― ենթադրեց Էմման, ― և սիրում է այդ տիպի երաժշտությունը։ Ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելով կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս, վերհիշում է լսած երաժշտությունը և մտովի նորից վերապրում այն»։― Նվագել գիտե՞ս, ― դարձյալ հարցրեց Էմման։Բենն իր շուրջը նայեց։ Վաճառողները, ինչպես երևում էր, զբաղված էին։― Ո՛չ, չգիտե՛մ, ― ասաց նա։Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները։ Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին, և այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան։ Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը երկար֊երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է մի շատ լավ բան հայտնաբերել իր մեջ։ Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել։Բենը մի քանի մեղմ ակորդ վերցրեց։ Ոչ ոք չէր մոտենում նրանց, և նա նույն դիրքով կանգնած, սկսեց անել այն, ինչը նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի։Եվ Էմման հասկացավ, որ դա պարզապես հրաշալի է։Բենն ընդամենը կես րոպե նվագեց։― Հաճելի է հնչում, ― ասաց նա՝ նայելով Էմմային։― Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում, ― ասաց Էմման։― Ես ամենևին ինձ նկատի չունեմ, ― ասաց Բենը։ ― Խոսքս դաշնամուրի մասին է։ Հոյակապ հնչեղություն ունի, չնայած այդքան փոքր է։Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց։― Ողջո՛ւյն, ― ասաց նա։― Ողջո՛ւյն, ― պատասխանեց Բենը։ ― Հոյակապ դաշնամուր է։― Այո, շատերին է դուր գալիս, ― ասաց վաճառողը։ ― Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար։ Եվ բավականին շատ էլ վաճառում ենք։― Որքա՞ն է գինը, ― հարցրեց Բենը։― Երկու հարյուր քառասունինն ու հիսուն, ― ասաց վաճառողը։ ― Կարող եք, իհարկե, և մաս֊մաս վճարել։― Որտե՞ղ են պատրաստում, ― հարցրեց Բենը։― Ստույգ չգիտեմ։ Կարծեմ Ֆիլադելֆիայում։ Կարող եմ պարզել։― Մի անհանգստացեք, ― ասաց Բենը։ ― Դուք նվագո՞ւմ եք։― Ոչ, նվագել չգիտեմ։Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու։― Խնդրե՛մ, դուք կարող եք էլի նվագել, ― ասաց նա։― Ես նվագել չգիտեմ։― Ես լսում էի, երբ դուք նվագում էիք։― Մի՞թե դա նվագել է։ Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ։― Ինձ համար հաճելի էր լսել, ― ասաց վաճառողը։― Ինձ համար էլ, ― ասաց Էմման։ ― Որք՞ան պետք է մուծել առաջին անգամ։― Մոտ քառասուն֊հիսուն դոլար։ Դե, խնդրեմ, ― դարձավ նա Բենին, ― մի բան նվագեք։ Ես ուզում եմ լսել ձեզ։― Եթե սա մի հարմարավետ սենյակում լիներ, ― ասաց Բենը, ― կարող էի ժամերով նստել դաշնամուրի առջև։― Էլի, քիչ էլ նվագեք, ոչ ոք չի առարկի, ― փորձեց համոզել վաճառողը։Նա մոտեցրեց աթոռը, և Բենը նստեց ու սկսեց անել այն, ինչը, նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվեր։ Մի քանի վայրկյան նվագելու ինչ֊որ փորձեր արեց, այնուհետև երաժշտության նման մի բան գտավ և նվագեց մոտ երկու րոպե։ Վերջացնելու վրա էր, երբ երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ, և Բենն ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով։ Նվագելու ժամանակ նա վաճառողի հետ խոսում էր դաշնամուրի մասին։ Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց։― Երանի կարողանայի գնել, ― ասաց նա։ ― Շնորհակալություն։― Խնդրե՛մ, ― ասաց վաճառողը։Նրանք երկուսով դուրս եկան խանութից։ Փողոցում Էմման ասաց․― Իսկ ես ոչինչ չգիտեի․․․― Ինչի՞ մասին, ― հարցրեց Բենը։― Քո մասին։― Իսկ ի՞նչ չգիտեիր։― Դե․․․ որ դու այդպիսին ես։― Իմ նախաճաշելու ժամն է, ― ասաց Բենը։ ― Երեկոները ես միշտ մտածում եմ այն մասին, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի։Նրանք մտան մի փոքրիկ ռեստորան, նստեցին վաճառասեղանի մոտ և բուտերբրոդներ ու սուրճ պատվիրեցին։― Որտե՞ղ ես նվագել սովորել, ― հարցրեց Էմման։― Եբեք էլ չեմ սովորել, ― ասաց Բենը։ ― Որտեղ որ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել։ Նույնն էի անում, երբ դեռ պատանի էի։ Այ թե ինչ բան է փող չունենալը։Նա նայեց Էմմային ու ժպտաց այնպես, ինչպես ժպտում էր դաշնամուրի մոտ կանգնած՝ ստեղնաշարին նայելիս։ Էմման անչափ շոյված զգաց իրեն։― Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի։― Այո՛, իսկապես այդպես է, ― ասաց Էմման։― Մի կողմից, ― ասաց Բենը, ― դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի։ Իրականում նույնիսկ ահավոր է։Նա նորից նայեց Էմմային, ինչպես նախորդ անգամ, և Էմման ժպտաց նրան այնպես, ինչպես Բենն էր ժպտում իրեն։Նրանք դուրս եկան ռեստորանից, ոտքով անցան երկու թաղամաս և հասան հանրախանութ, որտեղ աշխատում էր Էմման։― Դե, առա՛յժմ, ― ասաց Բենը։― Ցտեսությո՛ւն, Բեն։
Բենը իջավ փողոցով, իսկ Էմման մտավ հանրախանութ։ Աղջիկը համոզված էր, որ, այսպես թե այնպես, ինչ֊որ մի օր Բենը դաշնամուր կունենա, ինչպես նաև՝ մնացած այն ամենը, ինչ այդքան ցանկանում է։
Թարգմանությունը՝ Ա. Առաքելյան