March 16

Լուսամփոփի պես աղջիկ/Եղիշե Չարենց

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

March 16

Եղիշե Չարենց

Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:

Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:

1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երեւան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:

1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:

1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:

Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:

Չարենցի անվան ծագումը

1 – ին վարկած
Գուրգեն Մահարին Եղիշեին ասում է, որ  իրենց քաղաք ՝ Կարս, մի բժիշկ է եկել։ Եղիշեն գնում է և ցուցատաղտակին տեսնում բժշկի անունն ու ազգանունը։ Նկատում է, որ բժիշկի ազգանունը «Չարենց» է և նրան շատ է դուր գալիս այդ ազգանունը և նա իրեն կոչում է Եղիշե Չարենց։

2 – րդ վարկած
Կարինե Քոթանջյանը՝ Եղիշե Չարենցի մանկության ընկերուհին, պատմում է, որ Եղիշեն դեռ մանկուց շատ չար է եղել, այդ պատճառով էլ նրան անվանել են Եղիշե Չարենց։

3 – րդ վարկած
Չարենցի ընկեր ՝ Անուշավան Ջիդեջյանը, պատմում է, թե Եղիշեն մի օր կարդում էր Ալեքսանդր Պուշկինի  «Անչար» ոտանավորը և այն շատ հավանեց։ Նա վերցրեց Անչար բառը ան մասնիկը հանեց և վերջում ավելացրեց ենց մասնիկը և ստացվեց Եղիշե Չարենց։

March 16

Առաջադրանքներ

1. Հետևյալ բառերը համառոտագրիր.

Դար — դ․
դարեր— դդ․
եզակի — եզ․
կիլոգրամ— կգ
Ավետիք Իսահակյան — Ավ. Իսահակյան
վայրկյան— վրկ
ընկեր— ընկ.
միլիոն— մլն
միլիարդ— մլրդ
պարոն— պրն․, պ.
թվական— թ.
թվականներ — թթ.
ակադեմիկոս — ակադեմ.
պրոֆեսոր — պրոֆ.
կիլոմետր— կմ
Սուրբ— Սբ.
օրիորդ— օր.
Հովհաննես Թումանյան — Հովհ. Թումանյան
Գրիգոր Զոհրապ — Գր. Զոհրապ

2. Լրացրու շրջասույթները.

Բժշկության հայր — Հիպոկրատ
Բիբլիական երկիր — Հայաստան
Ավետյաց երկիր — Պաղեստին
Ավարայրի բլբուլ — Եղիշե
Բոսֆորի հիվանդ — Թուրքիա
Բուրգերի երկիր — Եգիպտոս
Գեղամա գեղեցկուհի — Սեւանա լիճ
Երաժշտության հայրենիք — Իտալիա
Զալցբուրգի ծաղիկ — Մոցարտ
Ծիծաղի մայրաքաղաք — Գյումրի

3. Գրիր տրված բայերի հրամայական եզակի ձևերը.

Խոսել — խոսի՛ր
Ուտել — կե՛ր
Մոտեցնել — մոտեցրու՛
Բարձրացնել — բարձրացրու՛
Վախենալ — վախեցի՛ր
Լինել — եղի՛ր
Բերել — բե՛ր
Ելնել — ե՛լ, ելի՛ր
Թողնել — թո՛ղ
Վեր կենալ — վե՛ր կաց