February 20

Հովհաննես Թումանյանի դստեր` Նվարդի հուշերից

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել


***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:

***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին:  Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:

***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները:  Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

***
Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:


***
Աստղաբաշխության վերաբերյալ գրքեր էր գնել և միշտ կարդում էր: Հանքաքարերի կոլեկցիա էր գնել, ալբոմներ և ուսումնասիրում էր քարերի զանազան տեսակները: Շատ էր ուզում, որ իր որդիներից որևէ մեկը երկրաբան դառնա: Իր մեծ տղային, որը բնագիտությամբ էր պարապում, խորհուրդ էր տալիս որպես մասնագիտություն ընտրի երկրաբանությունը: «Լոռին մեծ ապագա ունի,- ասում էր նա,- հանքերով հարուստ երկիր է. երկրաբանություն սովորի, որ մեր երկրում բան ստեղծես, օգուտ տաս, թե չէ օտարներն են օգտվում, ա´յ ֆրանսիացիք Ալավերդու պղնձահանքի տերն են տարձել…»:

February 20

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում “Բանաստեղծություններ” հավաքածուի լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի, ինչպիսին են «Մարոն», «Լոռեցի Սաքոն» պոեմները, «Անուշ» ողբերգությունը։

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է “Վերնատուն” գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։